Սաակաշվիլին տաղանդավոր է, քանի որ խաբել է ողջ աշխարհին. Բիձինա Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երկօրյա պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տեղի ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի ցանկանում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալում, սակայն ոչինչ բացառել չի կարելի.
«Սաակաշվիլին եղել է պատասխանատու անձ: Նա անձամբ որոշումներ է ընդունել: Չեմ ցանկանում, որ նրան ձերբակալեն, սակայն ոչինչ բացառել չի կարելի: Գոյություն ունի դատախազություն, դատ և օրենք, որի համար բոլորը նույնն են: Ես չեմ պատրաստվում բանակցություններ վարել նրա հետ:
Իրականում նա (Սաակաշվիլին) չի հարգել Վրաստանի օրենքները: Նա տաղանդավոր է, նա խաբել է ողջ աշխարհին: Առաջինը, ում նա խաբել է, Վրաստանի քաղաքացիներն են: Նա հայտնվել է որպես դեմոկրատ, նրան աջակցել են բոլորը, սակայն հետո կռահել են, որ նա կառուցում է ավտորիտար ռեժիմ:
Իշխանության բռնությունները տարածվել են ողջ երկրով մեկ: Նա կործանել է ընդդիմությանը, ծաղկեցրել է էլիտար կոռուպցիան: Երբ մենք եկանք իշխանության, հայտնաբերեցինք, որ գոյություն չունեն ազատ բիզնեսներ: Նա վերահսկել է ԶԼՄ-ները, նրանց միայն մի փոքր մասն է եղել ազատ, և նա դա ցույց է տվել Արևմուտքին»: