
Ադրբեջանցի զինվորականները դժգոհ են մնացել աշխատավարձի բարձրացման չափից

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների և պետծառայողներ չհանդիսացող քաղաքացիական անձանց ամսական աշխատավարձի բարձրացման մասին հրամանը:
Այս մասին հայտարարել է Ալիևի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ աշխատավարձը բարձրացվել է միջին հաշվարկով 10 տոկոսով: Լրագրողների ռազմական-հետազոտական կենտրոնի տնօրեն Ջասուր Սումարինլին (Մամեդով) գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ զինվորականներն ակնկալում էին «աշխատավարձի նորմալ բարձրացում».
«Այդ հրամանը չի լուծում զինվորականների սոցիալական խնդիրները: Օրինակ, նախկինում լեյտենանտը ստանում էր 450 մանաթ (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի), իսկ այժմ ստանալու է 480 մանաթ: Զինծառայողներն ակնկալում էին, որ իրենց աշխատավարձը կկրկնապատկվի»:
Հիշեցնենք, որ վաղը Ադրբեջանում նշելու են զինված ուժերի կազմավորման 95-ամյակը: Դրա հետ կապված՝ Բաքվում պետք է անցկացվի զորահանդես: