
Ճապոնիայում առգրավվել է Մեքսիկայից բերված գրեթե 200 կիլոգրամ թմրանյութ

Ճապոնիայի ոստիկանության աշխատակիցներն առգրավել են գրեթե 200 կիլոգրամ թմրանյութ, որը գնահատվում է մոտ 10 միլիարդ իեն (101.8 միլիոն դոլար): Տվյալ գործով ձերբակալվել է երեք մարդ, որոնցից երկուսը Մեքսիկայի քաղաքացիներ են:
Ոստիկանությունն այդ գործողությունն իրականացրել է երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկում՝ Կոբեում: Պլաստիկ փաթեթներով թմրանյութը պահվել է բեռնանավում գտնված երկաթաքարի կտորների մեջ:
Ճապոնացի ոստիկանները կարծում են, որ այդ թմրանյութն արտադրվել է Մեքսիկայում, ուր վերջին տարիներին նկատվում է թմրանյութի արտադրության աճ: Ոստիկանները հավելել են, որ վերջին շրջանում աճել են նաև Մեքսիկայից Ճապոնիա թմրանյութերի ներկրումը: Ճապոնիայում թմրանյութը շատ ավելի թանկ արժե, քան՝ Մեքսիկայում:
Ճապոնական հեռուստաալիքն ընդգծել է, որ թմրանյութի առգրավված խմբաքանակը խոշորագույներից մեկն է Ճապոնիայի պատմության մեջ: Վերջին անգամ նմանատիպ գործողություն իրականացվել էր ընթացիկ տարվա ապրիլին Յոկոհամայի նավահանգստում: Այդ ժամանակ առգրավվել էր 240 կիլոգրամ թմրանյութ, որի արժեքը կազմում է մոտ 165 միլիոն դոլար: