
Հունաստանի կառավարությունում տեղի են ունեցել կադրային խոշոր փոփոխություններ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի կառավարությունից դուրս է եկել Դեմոկրատական ձախեր կուսակցությունը, ինչից հետո կառավարությունում տեղի են ունեցել կադրային խոշոր փոփոխություններ:
Փոխվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության ու վարչական բարեփոխումների նախարարները: Նախարարների կաբինետի մեջ են մտել PASOK-ի (Պանհելլենական սոցիալիստական շարժում) ներկայացուցիչները:
PASOK-ի առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը նշանակվել է Հունաստանի փոխվարչապետ և արտգործնախարար: Նախկին արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը նշանակվել է Պաշտպանության նախարար:
Կիրիակոս Միցոտակիսը գլխավորել է վարչական բարեփոխումների նախարարությունը՝ փոխարինելով հրաժարական տված Անտոնիս Մանիտակիսին: Միևնույն ժամանակ իր պաշտոնը պահպանել է առանցքային գերատեսչություններից մեկի՝ ֆինանսների նախարարության ղեկավար Յաննիս Ստուրնարասը: