Շախտյորի տնօրենը զարմացած է Հենրիխ Մխիթարյանի պահվածքից
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը «Спорт день за днем»-ին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ ինչու Հենրիխ Մխիթարյանը չի ներկայանում թիմի հավաքին:
-Մխիթարյանի ապագայի հարցը պարզվե՞ց:
-Պարզվեց միայն այն, որ նա երեկ չներկայացավ «Շախտյորի» հավաքին, թեև պարտավոր էր դա անել: Պատճառների մասին մենք տեղյակ չենք: Եթե առաջիկայում Մխիթարյանը չմիանա թիմին, ապա ստիպված կլինենք նրան տուգանել:
-Որքանո՞վ է հավանական, որ Հենրիխը կհայտնվի «Լիվերպուլում»:
-Նա «Լիվերպուլի» հետ ոչ մի կապ չունի: Վստահ եմ, որ Մխիթարյանի և այդ թիմի միջև ընթացող բանակցությունների մասին լուրերն ընդամենն ասեկոսեներ են: «Շախտյորը» Մխիթարյանի համար ոչ մի առաջարկ չի ստացել «Լիվերպուլից»:
-Կարո՞ղ եք բացատրել՝ ինչ պատճառով է ֆուտբոլիստն իրեն այդպես դրսևորում:
-Անգամ պատկերացում չունեմ: Այդ մասին իրենից հարցրեք: Գիտեմ միայն այն, որ խաղընկերների և մարզիչների հետ Հենրիխը որևէ խնդիր չի ունեցել, «Շախտյորից» հեռանալու ցանկություն նույնպես նա չի հայտնել, այդ պատճառով նրա պահվածքի մասին բոլոր հարցերն ուղղեք հենց իրեն՝ Մխիթարյանին: