
Մեկ օրում Թուրքիայի սահմանը հատելու փորձ կարող է անել Հալեպի միանգամից մեկ միլիոն բնակիչ. MIT

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) մտահոգություն է հայտնել՝ կապված սիրիացի փախստականների թվաքանակի առաջիկա հնարավոր կտրուկ աճի հետ:
Հիշեցնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի և «Հզբոլլահի» զինյալների կողմից Հալեպի գրոհի սկսման մասին՝ MIT-ը հայտարարել է, որ մեկ օրում Հալեպի երեք միլիոն բնակիչներից առնվազն մեկ միլիոնը կարող է դառնալ փախստական և ապաստան որոնել Թուրքիայում: Հունիսի 22-23-ին սիրիական բանակը Հալեպում հետ է մղել զինյալների կազմակերպած մի շարք հակահարձակումներ:
MIT-ն ընդգծել է, որ Ասադի ուժերը գնալով ուժեղացնում են ճնշումը Հալեպի վրա, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա, և որ ճնշման մեծացմանը զուգահեռ կավելանա նաև սիրիացի փախստականների քանակը:
Այդ ամենը նշանակում է, որ մեկ օրում Թուրքիայի սահմանը հատելու փորձ կարող է անել Հալեպի միանգամից 1 միլիոն բնակիչ: Ներկայումս Թուրքիայում գրանցված է 200.000 սիրիացի փախստական: Չգրանցված փախստականների քանակը կազմում է 250.000-300.000: