
Էդվարդ Սնոուդենը գտնվում է անվտանգ վայրում. Ջուլիան Ասանժ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան իշխանությունները շարունակում են համայն աշխարհում փնտրել իրենց հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, իսկ վերջինիս կողմնակիցները շարունակում են թաքցնել նրա հետքերը:
Սնոուդենը պետք է երեկ Մոսկվայից մեկներ Հավանա, որտեղից էլ Էկվադոր, ուր և պետք է ստանար քաղաքական փախստականի կարգավիճակ: Սակայն լրագրողները երեկ տեսել էին, որ Սնոուդենի տեղը դատարկ է Մոսկվայից Հավանա ինքնաթիռում: Այժմ անհայտ է մնում, թե որտեղ է գտնվում Սնոուդենը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Սնոուդենը գտնվում է «անվտանգ վայրում»: Ասանժն ինքն արդեն մեկ տարի է, ինչ թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով ձերբակալումից:
Դեսպանատան պատշգամբից լրագրողների հետ զրույցում Ասանժը հայտարարել է, որ Սնոուդենն արդեն իսկ Էկվադորից ստացել է փաստաթղթեր, որոնց համաձայն, այդ երկրի կառավարությունն ամերիկյան հատուկ ծառայություններին մերկացրած Սնոուդենին ճանաչում է փախստակն:
Ասանժդը հավելել է, որ դա դեռ չի նշանակում, թե Էկվադորը պատրաստ է ապաստան տալ Սնոուդենին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, թե Ռուսաստանից ակնկալում են Մոսկվայում գտնվող Էդվարդ Սնոուդենի արտահանձնում: Դրանից առաջ էլ ԱՄՆ-ը խստապես քննադատել էր Հոնգկոնգին ու Չինաստանին, քանի որ Սնոուդենը Մոսկվա էր մեկնել Հոնգկոնգից: