Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել Համաշխարհային բանկի՝ Հայաստանում իրականացված «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի վերջին առաքելության պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումներին, կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։

Առաքելությունը Հայաստանում է գտնվում`  գնահատելու ծրագրի արդյունքները եւ արձանագրելու նոր կարիքները, որոնց ուղղությամբ Հայաստանի կառավարությունն ու Համաշխարհային բանկը կշարունակեն փոխգործակցությունը։

ՀԲ-ի Երեւանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ Դավիթ Մելիքյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկն ընդհանուր առմամբ բավարար է գնահատում Հայաստանում «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի իրականացումը, որն այս ոլորտի ծրագրերի իրականացման համար առավելագույն գնահատականն է՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկություններն ընդհանրապես։

Հյուրերը տեղեկացրեցին, որ առաջիկայում ՀԲ-ն կհրապարակի Հուշագիր-հաշվետվություն՝ որտեղ կներկայացվեն ոչ միայն իրականացված ծրագրի ընդհանուր գնահատականը, այլ նաեւ` ՀԲ-ի չափորոշիչներն ու մրցույթների ընթացակարգերը՝ արձանագրելով, որ վերահսկիչ պալատի մոտ նկատել են թյուրընկալում։

Հուշագրում, ըստ ամենայնի, կնախանշվեն նաեւ հետագա ծրագրերի հիմնական ուղղությունները, որոնց թվում թերեւս կներառվի նաեւ դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը վերաբերող հարցը։

ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումը՝ նշելով, որ այն ներառվել է նաեւ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների` 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի մեջ, եւ որ դրա գործարկումը կնպաստի նաեւ դատախազական գործառույթների, այդ թվում` հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացմանը։

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հավաստել է հետաքրքրվածությունը դատախազության հետ համագործակցությունը շարունակելու եւ նոր հարթություն տեղափոխելու հարցում։

ՀՀ գլխավոր դատախազություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս