Բաժիններ՝

Անվանի ռուս մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը` Հանրային խորհրդում

Հունիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի փոքր դահլիճում Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ռուս անվանի մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Հայրապետ Գալստյանը, Հանրային խորհրդի անդամներ, բազմաթիվ բժիշկ-մանկաբույժներ:

Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով Լեոնիդ Ռոշալի հարուստ կենսագրությունը, բարձր գնահատեց նրա մասնագիտական գործունեությունը` նշելով, որ այն մեծ դեր է կատարել Ռուսաստանի առողջապահության ոլորտի զարգացման և բարելավման գործում: Նա կարևորեց նաև Ռոշալի գործունեությունը նաև հայ ժողովրդի համար ծանր մի ժամանակաշրջանում` 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ:

Անվանի բժշկի հանդիպումը Հանրային խորհրդի հետ ողջունեց Հայրապետ Գալստյանը` հույս հայտնելով, որ այն կխթանի Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի և Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի միջև համագործակցային հարաբերությունների ծավալմանը:

Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով Լեոնիդ Ռոշալի գործունեությունը, նշեց, որ հայ մանկաբույժները մշտապես հետևում են դրան: Բաբլոյանը ներկայացրեց Հայաստանում մանկաբուժության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները` նշելով, որ ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

Ելույթի ժամանակ Լեոնիդ Ռոշալն իր հարգանքը հայտնեց հայ ժողովրդի հանդեպ` նշելով, որ չունենալով նավթ, ծով, բաց սահմաններ որոշ հարևանների հետ` այնուամենայնիվ Հայաստանը կարողանում է առաջ գնալ և զարգանալ:

Անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրներին` Ռոշելն ընդգծեց, որ ցանկացած պետություն պետք է հատուկ ուշադրություն դարձնի մանկաբուժությանը` ամուր հիմքերի վրա դնելով այդ ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը: Ի դեպ, նա սխալ համարեց Երևանի պետական բժշկական համալսարանում մանկաբուժության ֆակուլտետի փակումը:

Ռոշելը խոսեց նաև Ռուսաստանում առողջապահության ոլորտի խնդիրների, պետական քաղաքականության և ոլորտի զարգացման ծրագրերից ու հեռանկարներից: Նա պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

Ամփոփելով հանդիպումը` Հանրային խորհրդի նախագահը հայկական խաչքարի պատկերով նկար հանձնեց անվանի բժշկին, որն էլ սիրով ընդունեց հուշանվերը և նշեց, որ շատ բարձր է գնահատում հայկական մշակույթը:

Հանրային խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս