
Վանո Մերաբիշվիլիի դեմ ներկայացվել է նոր մեղադրանք

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի դատախազությունը նոր մեղադրանք է ներկայացրել Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ, ով ներկայումս գտնվում է նախնական կալանքի մեջ:
Հավելյալ մեղադրանքը կապված է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով Մերաբիշվիլիի կողմից հետաքննության ընթացքը կեղծելու և ճշմարտությունը հաստատելուն խոչընդոտելու հետ: Մերաբիշվիլին այսօր մեկուսարանում իրազեկվել է այս մեղադրանքի մասին:
Սրանից առաջ էլ Մերաբիշվիլիին մեղադրել էին ընտրողներին գնելու, պետական միջոցների յուրացման, ծառայողական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև 2011 թվականին ընդդիմության ակցիան ցրելիս իր լիազորությունների գերազանցման մեջ: Նշվում է, որ Սանդրո Գիրգվլիանին սպանվել է 2006 թվականի հունվարի 28-ին: