ԱՄՆ դեսպանատունը չի ցանկանում մեկնաբանել դեսպանի խոսքը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հունիսի 21-ին ամենամյա կազմակերպվող «ԴիջիԹեք» Բիզնես-ֆորումի բացման արարողության ժամանակ կարևոր հայտարարություն էր արել. «Մենք պարզապես ուզում ենք, որ կառավարությունը ՏՏ սեկտորին չմիջամտի, մենք ցանկանում ենք ինքներս մեր բիզնեսն իրականացնել, մենք ցանկանում ենք իրականացնել մեր գործընկերությունը և կուզենայինք, որ կառավարությունը չխառնվի այս ամենին: Կարծում եմ` սա կարևոր ուղերձ է` Հայաստանում անհրաժեշտ մթնոլորտ ձևավորելու առումով, որը թույլ կտա փոքր բիզնեսներին, սկսնակներին փորձել ստեղծել իրենց բիզնեսը»,- մասնավորապես նշել էր Ջոն Հեֆերնը:
168.am-ը փորձեց դեսպանատնից մեկնաբանություն ստանալ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի ժամանակ ԱՄՆ դեսպանի ելույթի, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն ուղղված կոչի մասին: ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ չեն ցանկանում մեկնաբանել դեսպանի ելույթը: «Այս պահին որևէ բան, բացի նրանից, ինչ դեսպանն ասել է՝ չենք կարող ավելացնել»,- ասաց Թ. Ջահուկյանը:
Նշենք, որ 168.am-ը փորձեց դեսպանի ելույթի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից, ովքեր ևս հիմնականում կամ հրաժարվում էին մեկնաբանել դեսպանի խոսքը, կամ պատճառաբանում էին, որ չեն լսել, թե դեսպանը նման բան է ասել: