
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Զրուցակիցները քննարկել են ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:
ՀՀ Նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել են նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականցման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին: