Կարելի է վիրտուալ այցելել Տաթև ու շրջել ճոպանուղու ամբողջ երկայնքով (տեսանյութ)

Հունիսի 21-22-ը «ԴիջիԹեք բիզնես-ֆորումի» շրջանակներում Locator ընկերությունը հնարավորություն էր ընձեռում այցելուներին շատ կարճ ժամանակում վիրտուալ մշակութային ճանապարհորդություն կատարել դեպի հայկական տաճարներ, վանքեր և եկեղեցիներ, զգալ նրանց ամբողջ ճարտարապետական գեղեցկությունը:

Մենք փորձել ենք հնարավորինս նման արտապատկերել կոթողների իրական շունչը, ինչը դիտողի մոտ ոչ միայն հոգևոր զգացմունքներ կառաջացնի, այլև ցանկություն` այցելելու այդ վայրերն իրականում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Locator ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը: Նրա խոսքով`ընկերությունը շուրջ 1 տարի առաջ ավարտել է վիրտուալ Տաթև այցելելու և Ճոպանուղու ամբողջ երկայնքով շրջելու ծրագիրը, իսկ ներկայում աշխատանքներ են տարվում 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման ծրագրերի ստեղծման ուղղությամբ: Դրանց թվում են` Էջմիածինը, Նորավանքը, Խոր Վիրապը, Գառնին և Գեղարդը, Կեչառիսը և Սևանավանքը:

Ըստ մեր զրուցակցի` դրանց վերջնական տարբերակները շուտով` մոտ 2-3 շաբաթից, հնարավոր կլինի մատչելի գներով վերբեռնել ինտերնետից կամ ձեռք բերել DVD սկավառակի տեսքով:

Ընկերության մասնագետները հնարավորություն են ընձեռել նաև եկեղեցիներն ու վանքերը դիտել նաև հավելյալ իրականություն (augmented reality) տեխնոլոգիայի միջոցով, որը նոր մոտեցում է համաշխարհային շուկայում:

Կարդացեք նաև

Տեղեկացնենք, որ մինչ այժմ Locator ընկերությունը եռաչափ մոդելավորել է Երևանը և Ստեփանակերտը: Իրականացվում է նաև Գյումրիի և Վանաձորի եռաչափ պատկերումը: Բացի այդ, ընկերությունն իրականացնում է պիլոտային մոդելավորում Լեհաստանի Լյուբլին քաղաքի համար:

Տեսանյութեր

Լրահոս