Բաժիններ՝

Հասարակական խնդիրները՝ արվեստի լեզվով (լուսանկարներ)

Նախօրեին Անգլիական այգում տեղադրվել էին բազմաթիվ արկղեր, որոնց վրա բազմաթիվ մարդիկ՝ նկարիչներ և (չ)նկարիչներ, նկարում էին: Հանդիպելու և նկարելու առիթը ՍՈՑԱՐՏ Բիենալե միջոցառումն էր:

«Արվեստը շատ հզոր, շարժիչ ուժ է: Արվեստի միջոցով կարելի է շատ բան փոխել, և ՍՈՑԱՐՏ Բիենալեի նպատակն է՝ ստեղծել մի հարթակ նկարիչների և (չ)նկարիչների համար՝ բարձրաձայնելու առկա սոցիալական խնդիրների մասին՝ արվեստի տարբեր միջոցներով, և այդկերպ նպաստել հանրային իրազեկության բարձրացմանը: ՍՈՑԱՐՏ Բիենալեն այս տարի դարձյալ շեշտադրումը կատարել է «նկարելով արտահայտվելու» վրա՝ 1 օր, 1 վայրում, սակայն հետագայում արդեն ՍՈՑԱՐՏ Բիենալեի շրջանակներում կընդգրկվեն նաև արվեստի տարատեսակ ճյուղերը, կկազմակերպվեն տարբեր վայրերում, տարբեր ժամանակահատվածներում»,- 168.am-ի հետ զրույցում ասում է միջոցառման կազմակերպիչներից Լիլիթ Ստեփանյանը:

Այս տարի ՍՈՑԱՐՏ-ի խորագիրը «Տեղաշարժ» բառն է. «Այս բառի դրական և բացասական, ուղղակի և անուղղակի կապն առկա է աղքատության, ժողովրդավարության, մշակույթի, կրթության, բնապահպանական խնդիրների մեջ, այսինքն՝ ամենուր: Իսկ որպես «Տեղաշարժի»  նյութեր՝ ընտրված են ստվարաթղթե տուփերը, որոնց վրա էլ մարդիկ ներկ ու վրձինով պատկերում են իրենց «տեղաշարժը»,- մանրամասնում է Լիլիթը և ավելացնում,- Ի դեպ, քանի որ հունիսի 20-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ) տոնում է Փախստականների համաշխարհային օրը, այս տարի, համագործակցելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հետ, Բիենալեի շրջանակներում մենք ներգրավել ենք նաև Հայաստանում ապրող փախստականներին և նրանց համար կստեղծենք մի հարթակ՝ բարձրաձայնելու համար իրենց առօրյա հիմնախնդիրները, ինչպես նաև կնպաստենք նրանց՝ հասարակության լիիրավ անդամ դառնալու գործում»:

Նշենք, որ ՍՈՑԱՐՏ-ը ծնունդ է առել 2012թ. աշնանը՝ «Էյվա» Արվեստների հիմնադրամի կողմից: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի ՍՈՑԱՐՏ-ը կազմակերպվում է Երևանում՝ «Արվեստը լրատվության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է՝ որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս: Բայց եթե անցյալ տարի ՍՈՑԱՐՏ-ը կազմակերպվեց՝ որպես ՍՈՑԱՐՏ նկարչական միջոցառում, որի նպատակն էր՝ առկա սոցիալական հիմախնդիրների մասին խոսել՝ նկարելով, ապա այս տարի գաղափարային կորիզը պահպանելով «Էյվա» Արվեստների հիմնադրամը ՍՈՑԱՐՏ միջոցառումը դարձրել է ՍՈՑԱՐՏ Բիենալե (Սոցիալական Արվեստի Բիենալե), որն այսուհետ կկազմակերպվի երկու տարին մեկ՝ տարեցտարի մեծացնելով իր ծավալները՝ հասնելով միջազգային հարթության:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս