Լույս են ընծայվել «Երեք Զրույց» և «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատությունները
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել 19-րդ դարի 2-րդ կեսի ռուս կրոնական փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք Զրույց» և հարավսլավացի ուղղափառ աստվածաբան Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատությունները: Վլադիմիր Սոլովյովի «Երեք Զրույց» գրքի հայերեն թարգմանությունը տարիներ առաջ ստանձնել էր Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչությունը (2004-2008թթ.): Այս հրատարակության նպատակը հայ կրոնափիլիսոփայական գիտելիքի հարստացմանը նպաստելը և ընթերցողին հայոց լեզվով նոր ու տարաբնույթ մասնագիտական գիտելիքի տրամադրումն է: Երկը, որը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար, ձգտում է աստվածարդարացման (թեոդիցիայի) ճանապարհով բացատրել անանցական ճշմարտությունները` այլափոխված ու աղճատված աշխարհայինի անցականի մեջ, որտեղ խառնված են չարն ու բարին, լույսն ու խավարը, որտեղ դժվար է ճշմարտությունը զատորոշել կեղծիքից: Աստվածարդարացման սոլովյովյան տեսությունը ջանում է ներկա աշխարհի մեջ աստվածայինը տարանջատել աշխարհային կեղծիքով քողարկված աստվածադատ իրականությունից: Աշխատությունը տպագրվել է Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանի մեկենասությամբ: Վեզելին Քեսիչի «Քրիստոսի ավետարանական կերպարը» աշխատության հայերեն թարգմանությունը կատարել է Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Գիրքը մի նոր ներդրում է հայ ընթերցող հասարակությանը ծանոթացնելու ժամանակակից աստվածաբանական-մեկնողական մտքի հարուստ գանձարանին: Ընթերցողը աշխատության մեջ կարող է գտնել ավետարանական շատ հարցերի պատասխաններ, նորովի կսկսի ընկալել ու ընթերցել Ավետարանը: Աշխատությունը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ