Մերձավոր Արևելքում տարածվել է մահացու վարակի նոր տեսակ
Մերձավոր Արևելքում տարածվել է մի նոր տեսակի վարակ, որը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ատիպիկ թոքաբորբը (SARS-ը): Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը: Թերթը տեղեկացնում է, որ նոր վիրուսն արդեն հասցրել է խլել 38 հոգու կյանք:
Իսկ ընդհանրապես Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հայտնել է ավելի քան 60 վարակման դեպք նոր հիվանդությամբ, որը ստացել է MERS անվանումը (անգլերեն` Middle East Respiratory Syndrome, Մերձավորարևելյան շնչառական սինդրոմ):
Ըստ Daily Mail-ի` նոր հիվանդության նախանշանները նույնն են, ինչ SARS-ի դեպքում. ջերմություն, հազ, որը վերածվում է թոքաբորբի, սակայն, ինչպես նշում են մասնագետները, MERS վարակի դեպքում մահացության աստիճանն ավելի բարձր է:
«Եթե SARS-ից մահացել է հիվանդների 8 տոկոսը, ապա MERS-ից` 65 տոկոսը: Բարեբախտաբար, նոր հիվանդությունն այնքան արագ չի տարածվում, ինչպես SARS-ը, որը 2003 թվականին 800 հոգու մահվան պատճառ դարձավ»,- նշում է բրիտանական թերթը:
Daily Mail-ը նաև տեղեկացնում է, որ բժիշկները դեռևս չեն պարզել, թե կոնկրետ ինչպես է տարևածվում վարակը, քանի որ որոշ դեպքերում հիվանդները կարծես թե նոր վարակով են վարակվել` առանց հիվանդների հետ շփման մեջ մտնելու:
Ավելացնենք, որ MERS-ով վարակված հիվանդների հիմնական մասը գրանցվել է Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև Հորդանանում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Թունիսում: