Կբացվի մանկական խաղասենյակ` ապաստան հայցողների երեխաների համար
Հունիսի 24-ին Ապաստան հայցողների հատուկ կացարանում (Երևան, Մոլդովական 39/2) Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR)՝ կողմից համատեղ իրականացվող «Փախստականների ընդունում և ինտեգրում» ծրագրի շրջանակներում կբացվի մանկական սենյակ:
Այս սենյակում ապաստան հայցողների 2-ից 12 տարեկան երեխաները կգտնեն գրքեր, խաղալիքներ, զարգացնող խաղեր և գլուխկոտրուկներ: Այստեղ նրանք կկարողանան խաղալ, շփվել, ինչպես նաև` ճանաչողական գրքերի ու խաղերի միջոցով ծանոթանալ Հայաստանի և հայկական մշակույթի հետ:
Արդեն 10 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժինը տարբեր ծրագրեր է իրականացնում` ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Այս պահին ՀԿԽԸ-ն իրականացնում է «Փասխտականների ընդունում և ինտեգրում» ծրագիրը, որն սկսվել է այս տարվա հունվարին և կտևի մինչև դեկտեմբեր: Ծրագրի շրջանակներում ապաստան հայցողներին տրամադրվում է աշխատանքի տեղավորման վերաբերյալ խորհրդատվություն, կազմակերպվում են հայերենի դասեր, իրականցվում է հատուկ կացարանների մոնիտորինգ, ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին փոխանցվում է մարդասիրական օգնություն, անհրաժեշտության դեպքում հայցողներն ուղարկվում են գործընկեր-կազմակերպություններ:
2012թ. երկրորդ կեսին սիրիահայերի` Հայաստան մեծ ներհոսքի հետ կապված, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեղմ ժամկետներում համապատասխան քայեր ձեռնարկեց` նրանց կարիքները գնահատելու և օգնություն տրամադրելու համար: Արդյունքում` 300 սիրիահայերի տրամադրվեց ձմեռնամուտի աջակցություն:
Ծրագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն աջակցեց նաև Ապաստան հայցողների հատուկ կացարանին` տրամադրելով անկողնային պարագաներ, սպիտակեղեն սպասք և կենցաղային իրեր, որի շնորհիվ հնարավոր դարձավ ավելի մեծ թվով ապաստան հայցող անհատների և ընտանիքների կացարան տրամադրելը:
2012թ. ավելի քան 500 մարդ դարձել է ծրագրի շահառու` Հայակական Կարմիր խաչի ընկերության միջոցով ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն և ուղղորդում, հայերեն սովորելու հնարավորություն, ձմեռնամուտի աջակցություն և սնունդ: