Հողագործը «ստացավ 5 տարի»՝ սահմանապահին հարվածելու համար

Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի բնակիչ Վահան Գևորգյանը 30.06.2012թ., ժամը 17:00-ի սահմաններում, կնոջ՝ Քաղցրիկ Մելքոնյանի հետ իր ավտոմեքենայով գնացել են ՌԴ-ի սահմանապահ զորքերի N զորամասի ուղեկալի տարածքում գտնվող իրենց հողամաս՝ հողագործական աշխատանքներ կատարելու:

«Փաստինֆոյի» հաղորդմամբ՝ ուղեմասի անցագրային կետի դարպասների մոտ վերակարգի մեջ ընդգրկված և որպես կրտսեր վերակարգ ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ զորքերի զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Կարապետյանը դարպասների մոտ Վահան Գևորգյանից պահանջել է ներկայացնել անձնագիր և անցագիր՝ ուղեկալի տարածք անցնելու թույլտվություն ստանալու համար:

Վահան Գևորգյանը ներկայացրել է մեկ անձնագիր, սակայն դրա մեջ՝ լուսանկարում, պատկերված է եղել մի ինչ-որ տարեց կին: Անդրանիկ Կարապետյանը հարցրել է, թե ում է պատկանում անձնագիրը, Վահան Գևորգյանը պատասխանել է, որ դա իր կնոջ անձնագիրն է: Լուսանկարում պատկերված կինը եղել է տարեց, ուստի Անդրանիկ Կարապետյանը Վահան Գևորգյանին ասել է, որ դա նրա կինը չէ և որ նա ստում է:

Դրանից հետո Վահան Գևորգյանը սկսել է քաշքշել փակված, բայց չկողպված դարպասներն ու նրա փեղկը բացելով՝ մտել է ներս ու մեկ անգամ բռունցքով հարվածել է Անդրանիկ Կարապետյանի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Անդրանիկ Կարապետյանը հրելով դուրս է հանել Վահան Գևորգյանին ուղեկալի տարածքից ու նա, նստելով մեքենան, հեռացել է Բերքաշատ գյուղի կողմը:

Վահան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ հոդվածը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, 2013թ. հունիսի 12-ի դատավճռով Վահան Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս