
Ինչու էր Ռոբերտ Քոչարյանն այցելել ԼՂՀ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում գտնվելու օրերին ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկումներ են եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Տեսակետ է հնչել, որ ՀՀ-ում դրությունը գնալով վատթարանում է, և որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող իրավիճակին տիրապետել, ուստի հարկավոր են շրջադարձային քայլեր: Այս համատեքստում նույնիսկ խոսք է եղել Ռ. Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ ղարաբաղյան կլանը, որն իրականում ՀՀ-ում ձևավորում է իշխանությունը, այս հարցը դնի Սերժ Սարգսյանի առաջ: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի ԼՂՀ այցելությանը, ըստ նրա՝ դա սովորական այց է, և Քոչարյանը հաճախ է մեկնում այնտեղ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» ասօրվա համարում: