
Էլիտար հարսանիքին մասնակցելու են «յուրայիններով». մամուլ

«Հունիսի 27-ին «Փարավոն» համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը: Այդ օրը տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր և «Բարս» ընկերության տնօրեն Մարինե Չատինյանի որդու հարսանիքը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Մարինե Չատինյանը նաև Քոչարյանների խնամին է. վերջիններիս ավագ որդին էլ նրանց փեսան է՝ աղջկա ամուսինը: «Պատճառներ ման մի եկեք, Քոչարյանն արտասահմանում է լինելու այդ օրերին, դրա համար չի մասնակցելու»,- ասացին լավատեղյակները: Ի դեպ, սեփական խնամու «օբյեկտում» կազմակերպված այդ հարսանիքին չի մասնակցելու նաև Հովիկ Աբրահամյանը: «Ինքն էլ պաշտոնական այցով Ուկրաինա է մեկնելու, իր դեպքում էլ բան ման մի եկեք»,- հորդորեց նույն աղբյուրը:
Փաստորեն, հարսանիքին մասնակցելու են «յուրայիններով»` Սերժ Սարգսյանը, նրան այլևս դիմավորող ու ճանապարհող Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամները, մոտ հազար մարդ: Ի դեպ, նաև Խաչատուր Սուքիասյանն է հրավիրված»: