Արամ Մանուկյան. Եթե վաճառեցին, վերջ, մենք 100 տոկոսով կախված կլինենք մեկ այլ երկրից
«Երկրի ստրատեգիական նշանակությունը 100 տոկոսով տալ այլ երկրի և վտանգ չտեսնել սրանում` միամտություն կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժինը 100 տոկոս դարձնելու շուրջ ընթացող բանակցություններին:
«Գազը, քաղաքականությունը, էներգետիկան-քաղաքականությունը, լծակներ են, որոնց միջոցով դու քաղաքականություն ես իրականացնում, կողմ ես հանդիսանում: Եթե այսօր Հայաստանի կառավարությունն այդ ստրատեգիական նշանակության սեփականությունը ուզում է 100 տոկոսով տալ այլ պետության, նշանակում է` ինքն իրեն զրկում է բանակցելու, արգումենտ բերելու իրավունքից»,- նշեց նա:
Ըստ Արամ Մանուկյանի` սա լրջագույն վտանգ է երկրի անկախությանը, և ամենևին կարևոր չէ` մասնաբաժնի քանի՞ տոկոսն է վաճառվում.
«Եթե վաճառեցին, վերջ, մենք 100 տոկոսով կախված կլինենք մեկ այլ երկրից, և գազի ու այլ ապրանքների գներն այստեղ ավելի երկրորդական են դառնում, քան այն, որ մենք կախված կլինենք մեկ այլ սուբյեկտից` ունենալով սուվերենության կորսուստ: Եթե երկու կամ ավելի սուբյեկտից ես կախված լինում, գոնե մանևրելու հնարավորություն ես ունենում: Իսկ երբ ջրային ռեսուրսները, էներգետիկան, ատոմային, գազային ռեսուրները և այլն, տալիս ես մեկ երկրի, որքան էլ նա լինի քո ռազմավարական ընկերը, դա հենց այդ առումով սխալ է»:
Ինչ վերաբերում է ՀՀ Էներգետիակայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե բացի 20 տոկոս բաժնեմասից, բանակցության սեղանին «ուրիշ բաներ էլ կան», Արամ Մանուկյանը նկատեց. «Էս մարդիկ երևի Հայաստանի թշնամիներն են: Ոչ միայն թշնամիներն են, այլև` 21-րդ դարում գաղտնի բանակցություններ են վարում, բայց անգամ պատգամավորին այդ մասին չեն տեղեկացնում: Տասնյակ անգամ զանգել եմ, մինչև հիմա էլ հարցնում եմ ու պատասխանի սպասում, որ եթե անգամ կոմերցիա կա, գաղտնիք կա, ինչո՞ւ չեք հրապարակում` ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման պայմանագիրը: ՀՀ իշխանությունների մոտ երևի ամնեզիա է, չգիտեն` երբ են ստորագրել պայմանագիրը»: