Գերմանիայում Թուրքիայի դեսպանը պարզաբանումներ տալու համար կանչվել է ԱԳՆ
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ կապված Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հայտարարությունների հետ:
Նախօրեին Բաղըշը քննադատել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով իր հերթին դատապարտել էր Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում բողոքի ակցիաների կոշտ ցրելը: Բաղըշը հայտարարել էր, որ Մերկելը Թուրքիայում ստեղծված իրավիճակն «օգտագործում» է իր անձնական նպատակների համար:
Բաղըշի խոսքերով՝ Մերկելը «միտումնավոր» կոշտ հայտարարություններ է անում Թուրքիայի կառավարության հասցեին՝ երկրում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ «իր իմիջը բարձրացնելու համար»:
Նշվում է, որ պարզաբանումներ տալու նպատակով Գերմանիայի ԱԳՆ կանչված թուրք դեսպանին ընդունելու է Գերմանիայի փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ցնցված է ցուցարարների հանդեպ թուրքական ոստիկանության գործողություններից: Ի դեպ, դրանից հետո Գերմանիան կասեցրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ տարվող բանակցային գործընթացում բանակցային նոր գլուխների բացումը: