Հունիսի 21-ը տարվա ամենաերջանկաբեր օրն է. բրիտանացի գիտնական
Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր աշխատողի համար ուրբաթը, թերևս, ամենասիրելի օրերից մեկն է: Սակայն հունիսի 21-ը կատարելապես յուրահատուկ օր է. բրիտանացի գիտնական Քլիֆ Առնոլի բանաձևի համաձայն, այն տարվա ամենաերջանկաբեր օրն է: Գիտնականի հաշվարկներով՝ մարդու տրամադրությունը բարձրացնող դրական գործոնների քանակը հունիսի 21-ին հասնում է առավելագույնին:
Գիտնականն այդ գործոնների թվում հիշատակում է բաց օդում ժամանակ անցկացնելու, բնության հետ շփվելու հնարավորությունը, սոցիալական փոխգործակցությունը, դրական մտքերն ու ամռան մասին մանկական հիշողությունները, պատուհանից այն կողմ տիրող ջերմաստիճանը և հանգստյան օրերը վայելելու կանխազգացումը, որոնց նա գումարել է իրար:
Տարվա ամենաերջանկաբեր օրը պարզելու համար Առնոլն այդ գործոններից յուրաքանչյուրը դրել է իր հավասարման մեջ, և հունիսի երրորդ ուրբաթը զբաղեցրել է առաջին տեղը: Գիտնականը պարզել է նաև ամենաընկճված օրը՝ հունվարի վերջին, երկուշաբթի, որը ոչ պաշտոնապես անվանվել է Blue Monday (Ընկճված երկուշաբթի):
Այս դեպքում գիտնականը հաշվի էր առել հետևյալ գործոնները՝ ձմեռային սառը եղանակ, ամանորյա տոներից հետո մնացած պարտքեր և ամանորյա տոների ավարտից հետո վրա հասնող հուսահատություն: