ԼՂՀ արտգործնախարարը հրաժարվում է մեկնաբանել իր արտահայտությունը

Ինչպես արդեն հայտնի է, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի` ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտությունը դարձել է լուրջ քննարկման առարկա` արժանանալով որոշ հասարակական կազմակերպությունների և վերլուծաբանների գնահատականին, ընդհուպ մինչև՝ «դավաճանություն» և «հրաժարականի պահանջ»:

Հիշեցնենք, հունիսի 12-ին ֆրանսիական հեռուստակայանի հետ հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի՞ տեսնում, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է. «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:

Այս կապակցությամբ մենք փորձեցինք պարզաբանում խնդրել անձամբ Կարեն Միրզոյանից, ով, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում այդպես էլ չցանկացավ մեկնաբանել կատարվածը:

«Բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն արդեն տրված են, հավելելու բան չկա»,- ասաց ԼՂՀ արտգործնախարարը:

Կարդացեք նաև

«Խոսքը գնում է քաղաքական բաղադրիչի մասին, քաղաքական հարցով բոլոր մեկնաբանությունները տրված են»,- ասաց Կարեն Միրզոյանը`  հղում կատարելով Մեդիամաքս գործակալությանը տված իր վերջին հարցազրույցին : Սակայն մենք նկատեցինք, որ սույն հարցազրույցում որևէ խոսք չի եղել աղմուկի պատճառ դարձած արտահայտության մասին, ինչին Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Մնացածը կարևոր չէ»:

Պարզաբանում ստանալու մեր բոլոր ջանքերն այդպես էլ որևէ արդյունք չտվեցին, քանի որ, ի պատասխան մեր հարցադրումներին` ԼՂՀ արտգործնախարարը հիշեցրեց պետական պաշտոնյաների արարողակարգային կանոնների մասին` նշելով, որ մենք ներքաշվում ենք «հարցազրույց վերցնելու գործընթացի մեջ», և խորհուրդ տվեց հարցերն ուղարկել գրավոր: «Ուղղակի սկզբունքի հարց է»,- ասաց նա:
Նշենք, որ հարցի կապակցությամբ պարզաբանում է տվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, ով նշել է, որ կատարվածը թյուրիմացություն է, և Կարեն Միրզոյանը, այնուամենայնիվ, նման հայտարարություն արել է՝ ցանկանալով պատասխանել այլ հարցի։  «Կարծում եմ` գերլարվածությունն էր և անգլերենի իմացությունը»,- henaran.am-ի հետ զրույցում ասել է Դ. Բաբայանը:
Իսկ Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը տվել էր հետևյալ պարզաբանումը. «Ինքը չէր կարող այդպիսի արտահայտություն անել: Դա անհնար է: Նույնիսկ խենթ մարդը էդպիսի բան չի կարող ասել: Երևի ժամանակի խնդիր կար և այլն… Կրկնում եմ՝ ինքը, եթե նման հայտարարություն աներ, ինքը չէր կարող ԼՂՀ արտգործնախարար լինել»:

Տեսանյութեր

Լրահոս