Սոս Գիմիշյան. Կամ նախագահը որոշել է, որ «այսպես այլևս շարունակել չի կարելի», կամ այս ամենը «շոու» է
Այն, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «համարձակություն» է ունեցել ու իրեն «թույլ է տվել» պետական բյուջեի չարաշահումների, յուրացումների մասին բացահայտումներ կատարել` կարող էր կատարվել միայն մեկ մարդու` հանրապետության նախագահի համաձայնությամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Բոլորս էլ գիտենք, որ կառավարությունը միշտ էլ բյուջեի կեսը տարել է, չնայած ՎՊ հաշվետվության համաձայն՝ 70 տոկոսը: Դե պատկերացրեք, եթե Վերահսկիչ պալատն է ասում՝ 70 տոկոս, ուրեմն՝ իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ: Իրենք են տանում` իրենք չգիտե՞ն…»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Գիմիշյանը:
Նրա համոզմամբ` այս ամենը կարող է երկու նպատակ հետապնդել. կամ նախագահը որոշել է, որ «այսպես այլևս շարունակել չի կարելի», կամ այս ամենը «շոու» է: «Այսքան տարի կառավարությունն այս նույն բաներն արել է: Սերժ Սարգսյանը կամ ուզում է ազատվել այս կառավարությունից, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ էլ՝ ինչ-որ մարդիկ, ում հետ իրենք պետք է իրենց «տարածներով» կիսվեին, չեն կիսվել և արդյունքում ոչ մեկին չեն պատժի, բայց մի խումբ մարդկանց կվախեցնեն, որ «տարած» բաժինները ճշգրիտ բաժանեն»,- շեշտեց նա:
Նրա հավաստմամբ, կան ավելի խոշոր բացահայտումներ, որոնք պարզապես «թույլ չան տա» հրապարակայնացնել: «Ո՞վ թույլ կտա… էն, ինչ ստվերում է, գլուխը քարը, բայց այն, ինչ բերվում է բյուջե, գոնե 80 տոկոսով թող ժողովրդին ծառայի: Եթե դրանից ներքև է ցուցանիշը, արդեն լայնածավալ կաշառակերություն է»,- նշեց նա:
Սոս Գիմիշյանի խոսքով` իր համար ցուցանիշ է ոչ թե այս բացահայտումների արդյունքում ինչ-որ մարդկանց պատժելը, այլ` քաղաքական փոփոխությունները: «Է, շոո՞ւ է, հա լավ, շոուն էլ արեցին… Է, հետո՞: Բայց իրենք իրենց են վարկաբեկում: Եթե մենք գիտեինք, որ կառավարման համակարգն այս վիճակում է, բա հիմա կառավարիչներն են իրենց բերանով ասում ու կողքից շատ ծիծաղելի են այն պաշտոնյաները, որ սկսում են հոխորտալ, ձև անել, թե իբր տեղյակ չեն, կապ չունեն դրանց հետ»,- նկատեց նա` ավելացնելով, թե կցանկանար, որպեսզի այս ամենը քաղաքական փոփոխության հանգեցնեին:
Հարցին, թե ՀՀԿ-ի ակտիվ ինքնաքննադատությունը «շոուի» շարքից չէ՞, Սոս Գիմիշյանն այսպես արձագանքեց. «Բա ի՞նչ պետք է անեն: Իրենց ենթակա մարդը իրենց հանկարծակիի է բերել… գողին բռնել են՝ ասում են՝ գողություն է տեղի ունենում, հիմա բոլոր գողերը հելել, ասում են՝ գողանում են: Բա ի՞նչ անեն` գոռում են՝ բռնեք գողին, որ աղմուկի մեջ կորեն գողերը: Բա հո չե՞ն ընդունի, որ այդպես է…»: