Իրանի նորընտիր նախագահին կասկածում են Բուենոս Այրեսի հակահրեական ահաբեկչությանը մասնակցելու մեջ
NEWSru Israel-ի փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին գտնվել է այն հատուկ հանձնաժողովի կազմում, որը որոշում է ընդունել 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական կենտրոնում ահաբեկչություն իրականացնելու մասին, որին զոհ գնաց 85 մարդ:
Այս մասին նշված է 2005 թվականին Արգենտինայի դատախազության պատրաստած մեղադրական եզրակացությունում: Այս պնդումը հենված է Արևմուտք փախած իրանական հետախուզության նախկին գործակալ Աբոլգասեմ Մեսբանիի ցուցմունքների հիման վրա:
Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ ահաբեկչության մասին որոշումն ընդունվել է 1993 թվականի օգոստոսին, և որ այդ որոշումն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հետ կապված հատուկ օպերատիվ հանձնաժողովը:
Ռոուհանին տվյալ ժամանակ զբաղեցրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը և մասնակցել է հանձնաժողովի նիստերին: Ցուցմունքների համաձայն, տվյալ հանձնաժողովի կազմում են գտնվել նաև տվյալ ժամանակվա նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին, արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին, հետախուզության ղեկավար Ալի Ֆալահիջանը և այլք:
Հանձնաժողովը գլխավորել է անձամբ այաթոլլահ Ալի Խամենեին: Փորձագետները կարծում են, որ Ռոուհանին այդ հանձնաժողովում չի ունեցել ձայնի իրավունք և ավելի շուտ կատարել է տեխնիկական գործառույթներ՝ լինելով Ռաֆսանջանիի ենթական:
Բուենոս Այրեսում ահաբեկչությունն իրականացվել է 1994 թվականի հուլիսի 18-ին, ինչի հետևանքով զոհվել է 85 և վիրավորվել է 300 մարդ: