Գերմանական գիմնազիաներում մտցվում են թուրքերենի դասընթացներ
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի կառավարությունը որոշել է գիմնազիաներում մտցնել թուրքերեն՝ որպես երկրորդ լեզու:
Համապատասխան փորձարկումը 2015 թվականից իրականացվելու է Մանհեյմի ու Շտուտգարտի մի շարք ուսումնական հաստատություններում: Դպրոցականները կկարողանան 8-րդ դասարանից թուրքերենն ընտրել որպես երկրորդ կամ երրորդ օտար լեզու:
Ներկա դրությամբ դպրոցականներին սովորելու համար որպես երկրորդ կամ երրորդ օտար լեզուներ են առաջարկվում ռուսերենը, իտալերենը կամ իսպաներենը: Փորձարկումը յուրաքանչյուր դպրոցի համար տարեկան կարժենա 100.000 եվրո:
Տվյալ նախաձեռնության վերջնական նպատակը թուրքական ընտանիքներից սերածներին գիմնազիաներում ուսում ստանալու գործընթացում ներգրավելն է: Նրանք ներկայումս կազմում են աշակերտների միայն 12 տոկոսը, մինչդեռ գերմանական ընտանիքներում երեխաների կեսն է հաճախում գիմնազիաներ:
Գերմանական միջնակարգ կրթության համակարգի համաձայն, գիմնազիան հաջողությամբ ավարտելու վկայականն իրավունք է տալիս դիմել համալսարան: Գերմանիայի հարավ-արևմուտքում բնակվում է թուրքական ծագմամբ մոտ 400.000 մարդ: