Խաչատուր Պողոսյան. «Վարդան Սեդրակյանն ասել է՝ Պարույր Հայրիկյանին վախեցնելն ազգի համար է պետք»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի գործով դատական նիստը: Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքները: Վերջինս նշել էր, որ Վարդան Սեդրակյանն իր գրասենյակում օրաթերթի վրա ցույց է տվել Պարույր Հայրիկյանի լուսանկարն ու ասել, որ նրան պետք է վախեցնել մեքենան այրելու, ծեծելու կամ էլ կրակելու միջոցով: Ամբաստանյալը նաև հայտնել էր, որ հետագայում Վարդան Սեդրակյանն իրեն ասել է՝ Հայրիկյանին պետք է վախեցնել կրակելու միջոցով:

Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը նախաքննության ընթացքում հայտնել էր նաև, որ Վարդան Սեդրակյանն ասել է՝ Պարույր Հայրիկյանին վախեցնելն ազգի համար է պետք: Սկզբում, ըստ ամբաստանյալի, իրենք Վարդան Սեդրակյանի ասածը լուրջ չեն ընդունել, սակայն մի քանի օր անց Սեդրակյանը կրկնել է պատվերը:

Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքներից մեկում էլ նշված էր, որ Վարդան Սեդրակյանն իրենց պատվիրել է նաև վախեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին և փեսային՝ Միքայել Մինասյանին, ինչպես նաև՝ թերթերից մեկի խմբագրին, սակայն ոչինչ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարել էր, թե Վարդան Սեդրակյանը գործի հետ կապ չունի, և, թե ինքն ու մեղադրյալ Սամվել Հարությունյանը պայմանավորվել էին այդ հայտարարություններն անելու մասին:

Ի դեպ, նիստը վերսկսվելուց մի քանի րոպե անց Պարույր Հայրիկյանը լքեց նիստերի դահլիճը: Նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Հայրիկյանը պետք է հիվանդանոց գնա:

Տեսանյութեր

Լրահոս