Էրդողանը տանուլ է տվել իր գլխավոր քննադատի դեմ դատական գործընթացը
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը տանուլ է տվել հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ դատական գործընթացը:
Էրդողանը դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ, որում պահանջել է 100.000 լիրա (ավելի քան 53.000 դոլար) փոխհատուցում: Որպես դատական հայցի ներկայացման պատճառ են նշվում Քըլըչդարօղլուի մի շարք հայտարարությունները, որոնց Էրդողանը որակել է որպես «վիրավորանք»:
Ընդդիմադիր գործիչը, մասնավորապես, օգտագործել էր հետևյալ արտահայտությունները «կառավարությունը հավասար է գողության» և «Էրդողանը պառակտիչ է»: Այդ ամենի համար Էրդողանը դիմել էր Անկարայի 16-րդ առաջին ատյանի դատարան՝ պահանջելով 100.000 լիրա փոխհատուցում, որից 50.000 լիրան առնչվում էր վարչապետի, իսկ մյուս 50.000 լիրան իշխող (Էրդողանի գլխավորած) «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկաբեկմանը:
Սակայն դատարանը գտել էր, որ այդ խոսքերը չեն հանդիսանում վիրավորանք և մերժել է Էրդողանի հայցը: