Ադրբեջանական SOCAR-ը կվճարի Վրաստանի 44 մանկապարտեզների կոմունալ ծախսերը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Վրաստանի առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարությունը հուշագիր են ստորագրել համագործակցության մասին:
Այս մասին նշված է SOCAR-Georgian-ի տարածած հայտարարությունում: Դրանում ասվում է, որ տվյալ փաստաթուղթը ստորագրել են Վրաստանում SOCAR-ի ներկայացուցչության ղեկավար Մահիր Մամեդովը և Վրաստանի առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Ստորագրված հուշագրի շրջանակներում SOCAR-ը մինչև 2013 թվականի ավարտը վճարելու է վրացական մանկապարտեզների էլեկտրաէներգիայի ու գազի ծախսերը:
Խոսքը գնում է 44 մանկապարտեզի և մոտ 190.000 լարի (115.000 դոլար) գումարի մասին:
Նշվում է, որ SOCAR-ը Վրաստանի նույն նախարարության հետ նման հուշագիր է ստորագրել նաև 2011 թվականի հոկտեմբերի 13-ին: