Հնգամյա ընդմիջումից հետո Իսրայելն ու Վրաստանը վերականգնում են ռազմական համագործակցությունը. Maariv
Իսրայելական Maariv թերթի փոխանցմամբ՝ հնգամյա ընդմիջումից հետո Վրաստանի ու Իսրայելի միջև վերսկսվում է համագործակցությունը զենքի վաճառքի հարցում: Այդ համագործակցությունը կասեցվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո:
Նշվում է, որ Վրաստանը շահագրգռված է իսրայելական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ինչպես նաև հակատանկային հրթիռների գնմամբ: Հաջորդ շաբաթ Իսրայել է այցելելու Վրաստանի վարչապետ Բիձինա Իանիշվիլին:
Վերջինս Իսրայելում այցելելու է ռազմական արդյունաբերության գործարաններ: Բացի այդ, Իվանիշվիլին հանդիպումներ է ունենալու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու նախագահ Շիմոն Պերեսի հետ:
Թերթը չի բացառում, որ այդ այցը կարող է հետաձգվել ԱԳՆ-ի աշխատակիցների գործադուլի պատճառով: Վրաստանի վարչապետի այցից անմիջապես անց Իսրայել է ժամանելու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորած պատվիրակությունը: