Վրաստանի պաշտպանության նախարարն օգոստոսի կեսերին կմեկնի ԱՄՆ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան օգոստոսի 19-ին մեկնելու է Վաշինգտոն: Այս մասին այսօր՝ կառավարության նիստի մեկնարկից առաջ, հայտարարել է հենց ինքը՝ Իրակլի Ալասանիան՝ շեշտելով, որ այդ այցը կայանալու է իր գործընկերների հրավերով.
«Պլանավորված է պաշտոնական այց Վաշինգտոն: Ինձ հրավիրել է գործընկերս և դա շատ կարևոր է, քանի որ վերջին 4 տարում չի եղել նման այց: Մենք հանդիպեցինք Բրյուսելում՝ ISAF-ի մասնակից երկրների Պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, ուր և պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է խորացնել երկկողմանի ռազմական հարաբերությունները:
Դա վերաբերում է ոչ միայն Աֆղանստանում մեր գործողություններին, այլև՝ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական հարաբերությունների խորացմանը, ԱՄՆ-ի կողմից վրացական զինված ուժերին օգնության խորացմանը, որպեսզի մենք լինենք առավել ուժեղ և կարողանանք պաշտպանել մեր ինքնիշխանությունը:
Մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի Վրաստանի պաշտպանունակության մակարդակը գտնվի ամենաբարձր մակարդակի վրա»: