Անկարան Իրանի նոր նախագահից Սիրիայի հարցում ակնկալում է առավել ճկուն դիրքորոշում. Դավութօղլու
Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի Սիրիայի հետ իր սահմանին նոր սպառնալիքների ի հայտ գալու դեպքում, ինչպիսին որ Ռեյհանըլըի պայթյուններն են, որոնց հետևանքով զոհվեց 52 մարդ.
«Եթե տեղի ունենա սահմանի խախտում՝ ազգային անվտանգությանն իրական սպառնալիքի տեսքով, ապա մենք բնականաբար կպատասխանենք դրան»:
Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները Ռեյհանլըի ահաբեկչության հետաքննման ընթացքում «պարզել» են սիրիական վարչակարգի կապն այդ պայթյունների հետ և այժմ հավաքում են ապացույցներ:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի կառավարության այն հայտարարությունը, թե իրենք ապացույցներ ունեն, որ Սիրիան կիրառել է քիմիական զենք՝ Դավութօղլուն ընդգծել է, որ Անկարայի համար դա ոչ մի կերպ զարմանալի չէր, և որ իրենք այդ հարցում անցկացրել են սեփական հետաքննություն:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ Իրանի նոր ղեկավարությունը՝ հանձինս Հասան Ռոուհանիի, ավելի հակված կլինի Սիրիայի գծով համագործակցելուն. «Մենք հուսով ենք, որ Իրանի նոր ղեկավարությունը Սիրիայում տիրող իրավիճակը հասկանում է ավելի լավ, քան նախկինը: Նրանք ավելի շատ կլսեն Սիրիայի ժողովրդին»: