Իրանի նորընտիր նախագահը պետք է անպայմանորեն մասնակցի «Ժնև-2»-ին. Սերգեյ Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները պետք է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությունից հետո անցկացվեն հնարավորինս շուտ:

Այս մասին Россия 24 հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս հիշեցրել է, որ հուլիսի սկզբին ակնկալվում է Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Ռուսաստան՝ մասնակցելու համար գազ արտահանող երկրների ֆորումին:

Լավրովը հավելել է, որ «Վեցյակը» պատրաստ է ձեռնարկել հանդիպակաց քայլեր, եթե Թեհրանը համաձայնի ուրանը չհարստացնել մինչև 20 տոկոս: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը վստահ է, որ Իրանի նորընտիր նախագահը պետք է մասնակցի Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսին և ողջունում է տվյալ հարցում Ֆրանսիայի դիրքորոշման փոփոխումը:

Արտգործնախարար հիշեցրել է, որ մինչ վերջերս Ֆրանսիան կտրականապես դեմ էր հանդես գալիս այդ կոնֆերանսին Իրանի մասնակցությանը: Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ աջակցում է Սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ անցկացվելիք միջազգային կոնֆերանսին Ռոուհանիի մասնակցությանը, եթե դա կլինի օգտակար:

Տեսանյութեր

Լրահոս