Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո երկրում սկսվելու են զանգվածային ձերբակալություններ. Լեյլա Յունուս
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսել կատարելիք այցի նախօրեին, Եվրոպական խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ է կազմակերպել նախագահական ընտրությունների տարում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին:
Այդ լսումներում որպես զեկուցող հրավիրվել է Ադրբեջանական խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը: Վերջինս ուշադրություն է հրավիրել ազատ հանրահավաքների սահմանափակումների վրա:
Յունուսն ընդգծել է, որ 2005 թվականի նոյեմբերից մայրաքաղաքի գործադիր իշխանությունն արգելել է ամեն տիպի ակցիաների անցկացումը, ինչպես նաև արգելել են բաց օդի տակ ցույցերի անցկացումը նահանգներում:
Յունուսը կանխատեսել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներն ամբողջովին կեղծվելու են, ընտրություններից հետո սկսվելու են զանգվածային ձերբակալություններ ու դատական գործընթացներ՝ ընդգծելով, որ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը: