Եվրոպայում ձերբակալվել են 13 վրացի «օրենքով գողեր», այդ թվում՝ Մերաբ Ջանգվելաձեն (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին եվրոպական ոստիկանության լայնածավալ միջոցառումների արդյունքում մի շարք երկրներում ձերբակալվել են վրացական հանցաշխարհի 18 ազդեցիկ դեմքեր, այդ թվում՝ 13 «օրենքով գողեր»։
Ամենամեծ թվով կասկածյալներ՝ 8 հոգի, ձերբակալվել են Իտալիայում, որտեղ և պլանավորվել է հատուկ գործողությունը։ Միաժամանակ ձերբակալություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Չեխիայում, Հունգարիայում և Լիտվայում։ Առգրավվել է զենք, թմրանյութեր և մոտ 100 հազար եվրո։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ հունգարական ոստիկանների ձեռքն է ընկել ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ սուխումյան գողական կլանի ղեկավար, 51-ամյա Մերաբ Ջանգվելաձեն։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ նրան ձերբակալել են «օրենքով գող» Ալիկ Կարցիվաձեի հետ միասին՝ Բուդապեշտի հյուրանոցներից մեկում։ Ջանգվելաձեն ձերբակալվել է Իտալիայում տեղի ունեցած սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով։