«Դրա սկանդալը ո՞րն է». Դատախազի եղբայրը՝ օֆշորային սկանդալի մասին
Իշխանական թևի ներկայացուցիչները վստահ են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը անմեղ են: Համենայնդեպս նման տեսակետներ են հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն ու Տաճատ Վարդապետյանը` ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում մեկնաբանելով օֆշորային սկանդալի նոր զարգացումները: Վերջինիս տեսակետը օֆշորային սկանդալի վերաբերյալ այսպիսին էր. «Ինձ թվում է՝ դա թյուրիմացություն է: Լրատվամիջոցներում այնքան իրականությանը չհամապատասխանող նյութեր են շրջանառվում, ինձ թվում է՝ դա այդ շարքից է»:
Իսկ ահա Ռուբեն Հովսեփյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նախ նշել է, թե իր համար օֆշորային սկանդալ հասկացությունը չկա: «Դրա սկանդալը ո՞րն է »: Դիտարկմանը, թե վարչապետի և սրբազանի անուններն են շրջանառվում, դա արդյոք բավարար չէ, դատախազի եղբայրն արձագանքել է. «Բայց ապացուցված չէ: Գործը դատախազությունում է, զբաղվում են, ինչ ընթացք էլ ունենա, կասեն»: