Գերմանիան զենք չի մատակարարի սիրիական ընդդիմությանը. Անգելա Մերկել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան զենք չի մատակարարի սիրիական ընդդիմությանը: Այս մասին Բեռլինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը.
«Գերմանիան ղեկավարվում է իրավական հստակ կանոնակարգերով, որոնց համաձայն զենք չի ուղարկվում այն շրջաններ, որոնք ընդգրկված են քաղաքացիական պատերազմի մեջ: Սակայն դա չի նշանակում, որ Գերմանիան կառուցողական դեր չի խաղալու քաղաքական գործընթացում կամ Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու հարցերում: Բաշար Ասադի կառավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը»:
Բարաք Օբաման իր հերթին հայտարարել է. «Մենք կիսում ենք այն կարծիքը, որ Բաշար Ասադի վարչակարգը կորցրել է իր լեգիտիմությունը: Նա սպանում է սեփական ժողովրդին: Մենք մտադիր ենք թույլ չտալ քիմիական զենքի կիրառում և այդ զենքի հայտնվելը նրանց ձեռքում, ովքեր կարող են օգտագործել այն»: