Արամ Մանուկյանը՝ Արմեն Մովսիսյանին. Ինչքա՞ն պետք է չարչարվեմ, որ իմանամ, թե ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման մասին պայմանագիրը

Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտնություններ սահմանելու մասին» օրինագիծը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը քննարկման շրջանակներում՝ դիմելով ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, հարցրեց. «Ինչքա՞ն պետք է չարչարվեմ, որ իմանամ, թե ե՞րբ է ստորագրվել գազի գնի բարձրացման մասին պայմանագիրը»: Ապա՝ անդրադառնալով նաև այն հրապարակումներին, թե «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության բաժնետոմսերը վաճառվելու են ռուսական «Գազպրոմին»` հարցրեց. ««Գազպրոմը» պետական հիմնարկ է, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ պետական է ու ստացվում է, որ երկու կառավարությունների միջև է տեղի ունեցել այս պայմանագիրը: Իսկ այն պայմանագրերը, որոնք երկու պետությունների կառավարությունների միջև են ընթանում, տեղավորվում են միջպետական փաստաթղթերի անվան տակ ու պետք է քննարկվեն նաև ԱԺ-ում: Ինչո՞ւ այս փաստաթուղթը չի գալիս ԱԺ»:

Ի պատասխան՝ Արմեն Մովսիսյանն ասաց, թե «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդի» միջև դեռևս որևէ գործարք կատարված չէ, ընդամենը բանակցություններ են ընթանում 20 տոկոս բաժնետոմսերի վերաբերյալ. «Բանակցություններ են ընթանում ոչ միայն այս մասով, այլև մյուս մասերով: Երբ բանը հասնի նրան, որ միջպետական պայմանագիր ստորագրվի կառավարությունների կողմից, այն կգա ԱԺ, առանց դրա հնարավոր չէ: Բանակցությունների սեղանին կա 20 տոկոս, դրան զուգահեռ ուրիշ բաներ կան, որ պետք է փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվի»,- պատասխանեց Արմեն Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի այն հարցին, թե ե՞րբ է ստորագրվել պայմանագիրը, Արմեն Մովիսիյանը պատասխանեց՝ ապրիլի 1-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս