Հունգարիայի, Ավստրիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նախագահներն Ադրբեջանին կոչ են արել աջակցել Nabucco West-ի նախագծին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունգարիայի, Ավստրիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նախագահներն Ադրբեջանին կոչ են արել աջակցել Nabucco West գազատարի նախագծին:
Այս մասին նախորդ շաբաթ Սլովակիայում անցկացված Կենտրոնական-եվրոպական գագաթաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:
Վերջինիս խոսքերով՝ Nabucco West գազատարի նախագծին աջակցելու կոչ պարունակող նամակը Հունգարիայի, Ավստրիայի, Ռումինիայի ու Բուլղարիայի նախագահների անունից ուղարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ֆիշերը հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է Nabucco West գազատարի նախագծին, քանի որ այն կապահովի էներգակիրների մեծ մատակարարումներ և կդիվերսիֆիկացնի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպաների գազամատակարումը, որոնք գրեթե ամբողջությամբ կախված են ռուսական գազամատակարարումներից:
Նշվում է, որ հունիսի վերջին «Շահ-Դենիզ» կոնսորցիումը պետք է ընտրի, թե որ երթուղով է Եվրոպա հասցվելու է նույնանուն գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազը: Ընտրությունը կատարվելու է երկու նախագծերից՝ Nabucco West և TAP (Անդրադրիատիկ):
Եթե ընտրությունը կանգ առնի Nabucco West գազատարի վրա, ապա ադրբեջանական գազը կհասցվի ավստրիական Բաումգարտեն, իսկ եթե ընտրվի TAP գազատարը, ապա ադրբեջանական գազը կհասցվի իտալական Պուլա:
Ֆիշերն ընդգծել է, որ Nabucco West գազատարի նախագծին աջակցելուն ուղղված այդ նամակին իր աջակցությունն է հայտնել Թուրքիան (դա պատահական չէ, քանի որ տվյալ ընտրությունը, ըստ էության, էական չէ Թուրքիայի համար, որովհետև երկու դեպքում էլ ադրբեջանական գազն Եվրոպա է հասնելու նրա տարածքով:
Սակայն իրականում Թուրքիայի համար նախապատվելի է Nabucco West-ը, քանի որ այս գազատարի բաժնետերից է թուրքական BOTAŞ պետական ընկերությունը, և բացի այդ TAP-ը կմեծացնի Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների մեջ գտնվող Հունաստանի տարանցիկ նշանակությունը – 168.am):