Անկարայում բախումների հետևանքով ցայժմ տուժել է ավելի քան 380 մարդ (տեսանյութ)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայի նահանգապետի աշխատակազմն այսօր տվյալներ է հրապարակել մայրաքաղաքում անցկացված բողոքի ակցիաների պատճառած վնասի և տուժածների քանակի մասին:
Դրանց համաձայն, Անկարայում ցուցարարների ու ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 380 մարդ, որոնցից 4-ը ցայժմ գտնվում է հիվանդանոցում:
Մայրաքաղաքում անկայունությունը սկսեց թափ հավաքել մայիսի 31-ից հետո, երբ ոստիկանությունը ցրեց Ստամբուլի «Գեզի» այգում հավաքված ցուցարարներին: Այդ ժամանակ Անկարայում փողոցներ դուրս եկան հազարավոր մարդիկ՝ իրենց աջակցությունը հայտնելու ստամբուլցիներին:
Վերոնշյալ տվյալներով՝ ցուցարարները ոչնչացրել, այրել կամ ավերել են 132 պետական ու մասնավոր գրասենյակ, 71 բանկի մասնաճյուղ, 74 մասնավոր և ոստիկանական մեքենա, 30 քաղաքային ավտոբուս, 117 գովազդային կառույց և ավտոբուսի կանգառ:
Ներկա դրությամբ ձերբակալվել է 944 մարդ, որոնց մեծ մասին ցուցմունքներ տալուց հետո ազատ են արձակել: Ձերբակալվածների թվում եղել են նաև օտարազգիներ՝ հիմնականում Եվրոպայից ու Իրանից: