Ռուբեն Հակոբյանը՝ ՀՀԿ-ին. Այս ամենը քննարկելուց, այս բառերն օգտագործելուց հետո ո՞վ է մայրուղի դուրս եկել, կողմնորոշվեք
«Ինձ թվում է՝ ուզում են շառից, փորձանքից հեռու մնալ, որովհետև համապատասխան իրականության դեպքում պետք է հանցագործության մասին հաղորդում ուղարկվեր ՀՀ գլխավոր դատախազությանը: Իսկ եթե ՎՊ-ի հաշվետվության մեջ է խնդիրը, դիմեք` որպես զրպարտություն»,- Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մասին «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:
Դիմելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին՝ պատգամավորն ասաց. «Ինձ համար անհասկանալի է այն, որ բավական լուրջ փաստաթուղթ եք ներկայացրել, բայց պատրաստ չեք ասել` ինչո՞ւ չեք դիմում դատախազություն: Բայց Կանոնակարգ-օրենքի համաձայն, Դուք նույնիսկ կասկածի դեպքում կարող եք դիմել դատախազություն»:
Նա նշեց, որ իրենք հոգնել են շոուներից և պետք է այս փաթեթը, որի մեջ քրեական հանցագործության մոտ 15 հոդված կա, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ ՎՊ-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հնչեցին որակումներ՝ «պետության բյուջեն թալանվում է», «լափում են» և այլն, որոնց համար իրենց նույնիսկ կոռեկտության կոչեր էին անում, այն դեպքում, երբ դա, նրա խոսքով, համապատասխանում է իրականությանը:
«Պետք չեն ավելորդ սեթևեթանքներ, պետք չեն դիվանագիտական խուճուճ ձևակեպումներ, բայց այնպես է ստացվում, որ երբ ընդդիմության ներկայացուցիչներն են ավելի մեղմ գնահատականներ տալիս երևույթներին, հայտնվում են մարդիկ, ովքեր նմանեցնում են նրան մայրուղի դուրս եկած ավտոմեքենա կանգնեցնող կնոջ վարքագծին:
Հիմա ձեզ հարց եմ տալիս, հարգելի մեծամասնություն, այս ամենը քննարկելուց, այս ոգին զգալուց, այս բառերն օգտագործելուց հետո ո՞վ է մայրուղի դուրս եկել, կողմնորոշվեք»:
Հիշեցնենք, նախորդ նստաշրջանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին հայտարարել էր. «ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենան կանգնացնես՝ չկանգնի, նեղանաս»: