
Իրանը հերքել է Սիրիա զինծառայողներ ուղարկելու մասին տեղեկատվությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները զինվորականներ չեն ուղարկել Սիրիայի կառավարական զորքերին օգնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաղչին.
«Մենք ամբողջովին հերքում ենք այն տեղեկատվությունը, թե Իրանը Իսլամական հեղափոխության պահակազորի 4000 զինծառայող է ուղարկել Սիրիա՝ նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:
Սիրիայի կառավարական բանակն օժտված է անհրաժեշտ բոլոր հնարավորություններով՝ երկրի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար: Որևէ անհրաժեշտություն չկա, որ Իրանը ռազմական օգնություն ցուցաբերի Սիրիայի իշխանություններին»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ բրիտանական The Independent թերթը գրել էր, որ Իրանի ղեկավարությունը որոշել է Իսլամական հեղափոխության պահակազորի 4000 զինծառայող ուղարկել Սիրիա՝ Ասադին աջակցելու համար: