Դատախազը դատարանում ցույց տվեց Հայրիկյանի արյունոտված հագուստը (լուսանկարներ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում հետազոտվեցին 6 հատորից բաղկացած գործում ներառված ապացույցները՝ փորձաքննությունների եզրակացություններ, խուզարկությունների արձանագրություններ, դեպքի օրը տուժող Պարույր Հայրիկյանի և ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի կրած հագուստները: Գործով ապացույցների հրապարակումից պարզ դարձավ, որ փորձաքննության արդյունքում հնարավոր չի եղել որոշել կրակոցի վաղեմությունը, ինչպես նաև կրակոցների արձակման հերթականությունը:

Փորձաքննության տվյալների համաձայն՝ ատրճանակի վրա մատնահետքեր չեն եղել: Դատաբժշկական փորձաքննությունում էլ նշված էր, որ Պարույր Հայրիկյանի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը կողմերի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատաբժիշկը Հայրիկյանի վերքերը չի տեսել. դրանք վիրակապված են եղել, Պարույր Հայրիկյանի դեմքի վրա զննության արդյունքում կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել: Դատախազ Արամ Ամիրզադյանը նիստի ընթացքում ցույց տվեց այն ատրճանակը, որով, ըստ մեղադրական եզրակացության՝ կրակել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը, ինչպես նաև Պարույր Հայրիկյանի արյունոտված հագուստը:

Կարդացեք նաև

Դատական այս նիստն առհասարակ աչքի ընկավ մի շարք զվարճալի արտահայտություններով: Երբ գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը ցույց էր տալիս, թե մարմնի որ մասերում է Պարույր Հայրիկյանը վնասվածքներ ստացել, Ալեքսանդր Սիրունյանը նրան կոչ արեց իր վրա դա ցույց չտալ:

«Ոչինչ, ես չեմ վախենում»,- արձագանքեց Արամ Ամիրզադյանը:

Վերջինս, լսելով պաշտպան Ա. Սիրունյանի արձագանքը գործով ապացույցների վերաբերյալ, բավական երկար ժամանակ տրամադրեց նրա գնահատականներին հակադարձելու համար: Սիրունյանն էլ դիմեց դատավոր Գագիկ Պողոսյանին՝ հետաքրքրվելով, թե մեղադրողը լեկցիա՞ է կարդում: «Դու որ բժշկություն էիր կարդում, ես էլ քիմիա եմ կարդում»,- արձագանքեց մեղադրող դատախազը (նկատի ուներ Սիրունյանի այն հայտարարությունը, թե դեպքից մեկ ժամ անց Պարույր Հայրիկյանի ճնշումը 100/60 է եղել, սակայն արյան մեծ կորուստ ունեցած մարդը նման ճնշում չի ունենում:- Օ. Հ.):

Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լուրջ ապացույց համարեց մեղադրողի ներկայացրած հեռախոսային վերծանումները, ըստ որոնց՝ 2013-ի հունվարի 8-ին ամբաստանյալ Սամվել Հարությունյանը զանգահարել էր Վարդան Սեդրակյանին: Իսկ երբ դատախազ Արամ Ամիրզադյանը հարցեր էր ուղղում Վարդան Սեդրակյանին, վերջինս հայտարարեց, որ ինքը «հանրապետության 4-րդ նախագահն է լինելու»:

Մեղադրող դատախազն էլ հետաքրքրվեց՝ արդյոք դա կարո՞ղ է համարել որպես նախազգուշացում է: Դատախազը որպես ապացույց էր ներկայացրել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի համարներից մեկը, որն առգրավվել էր Սեդրակյանի մոտից: Դատախազի խոսքով՝ թեթրի այդ համարի առաջին էջում պատկերված էր Հայրիկյանը, և նրա վրա սլաքներ էին արված: Վարդան Սեդրակյանն էլ հակադարձեց, որ բանտում հաճախ թերթերն օգտագործում են տարբեր նպատակներով՝ երբեմն որպես զուգարանի թուղթ:

Դատարանն, ավարտելով գործով ապացույցների հետազոտումը, անցավ ամբաստանյալների հարցաքննության փուլին: Գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանը ցուցմունքներ տվեց և ասաց, որ ինքը գործի հետ առհասարակ կապ չունի: Նա նշեց, որ հանցագործությունն առանց դրդապատճառների չի լինում, իսկ ինքը Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու դրդապատճառներ չուներ:

Վարդան Սեդրակյանը միջնորդեց փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նրա պաշտպանն էլ դատարանին ներկայացրեց քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայության հավաստումը, որ Վարդան Սեդրակյանը հիվանդ է քրոնիկ հեպատիտով, ինչպես նաև Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից տեղեկանք այն մասին, որ Վարդան Սեդրակյանը լյարդի խնդիրներ ունի:

Սիրունյանը նշեց, որ խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ մեղադրողի հիմնական առարկությունը պիտի լինի այն, որ Վարդան Սեդրակյանը կարող է թաքնվել: «Ո՞ւր պիտի թաքնվի, եթե մանկահասակ երեխաները ճանաչում են նրան»,- ասաց Սիրունյանը: Կողմի որոշմամբ՝ միջնորդության քննարկումը հետաձգվեց, քանի որ ներկայացված փաստաթղթերի բնօրինակները կողմի տրամադրության տակ չէին:

Դատավոր Գագիկ Պողոսյանը ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին առաջարկեց ցուցմունքներ տալ. վերջիններս ժամանակ խնդրեցին պատրաստվելու համար: Դատարանը բավարարեց նրանց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 20-ին:

dat

dat444

dat1

dat2 dat4

dat5

dat6

dat8

dat9

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս