Մեղրեցիները պահանջում են անհապաղ դադարեցնել հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները

Մեղրիում թվով 14 հանքավայր շահագործելու կառավարության ծրագրի դեմ մայիսի 29-ից ստորագրահավաք է կազմակերպել «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը:

Ստորագրահավաքին մասնակցել է 2398 հոգի, որից 2382 հոգի դեմ է արտահայտվել Մեղրու տարածաշրջանում հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և նոր հանքավայրերի հավանական շահագործմանը: 5 հոգի կողմ է արտահայտվել այդ աշխատանքները շարունակելուն, 11 հոգի` ձեռնպահ:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը, կազմակերպությունը ուղերձով դիմել էր մեղրեցուն: «Հարգելի հայրենակից, հավանաբար տեղեկացված եք Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական ինտենսիվ աշխատանքների մասին։ Այս գործընթացներում հաշվի չի առնվել Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը, և հասարակության լայն շրջանների համար այն քննարկման առարկա է դարձել։ «Կայուն զարգացում» հ/կ-ն նախաձեռնել է ստորագրահավաք, վերոնշյալ հարցերի վերաբերյալ Մեղրիի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով։ Ստորագրահավաքին կարող են մասնակցել Մեղրիի համայնքի` 18 տարին բոլորած բնակիչները, ովքեր իրենց դիրքորոշումը կարող են ներկայացնել համապատասխան նշում կատարելով` կողմ, դեմ, ձեռնպահ սյունակներում»,- սա էր ուղերձը:
Փարսադանյանի խոսքով՝ կար ընտրելու տարբերակ, և մեծամասնությունը դեմ է արտահայտվել: Մեղրեցիների ստորագրությունները կից դիմումով արդեն ուղարկվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին
Մեծարգո՛ պարոն վարչապետ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության տեղիք են տվել տեղաբնակների և բնապահպանների շրջանում:
Մենք կարծում ենք, որ անառարկելի է միևնույն տարածաշրջանում հանքարդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման անհնարինությունը, որը, կարծեք, անտեսվում է կառավարության կողմից: Նախքան նման որոշումներ կայացնելը` կառավարությունն առնվազն պետք հաշվի առներ, թե ինչքանով է արդյունավետ հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանի բնակչության և պետության համար առհասարակ: Հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքները և շահագործումն իրականացվում են Մեղրի քաղաքի հարակից բարձրադիր բնակավայրերում, որը վտանգում է տարածաշրջանի ողջ ոռոգման համակարգը: Մեղրու տարածաշրջանի վիճակը, որը քաղցրահամ մրգերի խորհրդանիշ է համարվում, մտահոգում է ոչ միայն տեղաբնակներին, փոքր և խոշոր գյուղատնտեսներին, այլև Հայաստանում ու արտերկրում մրգի իրացումն ապահովող ընկերություններին: Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց` մենք հայտարարում ենք, որ խախտվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու տեղաբնակների` միջազգային պայմանագրերով և ազգային օրենսդրությամբ ամրագրված իրավունքները: Մեղրի համայնքի բնակչության դիրքորոշումը կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով «Կայուն զարգացում»  հ/կ-ն կազմակերպել է ստորագրահավաք, որի մասնակիցներն իրենց դիրքորոշումն արտահայտել են կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է մոտ 2400 քաղաքացի, և մասնակիցների 99%-ից ավելին դեմ է արտահայտվել Մեղրու տարածաշրջանում իրականացվող հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներին և դրանց հնարավոր շահագործմանը:
Հիմք ընդունելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի արդյունքները` պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու հանքերի երկրաբանահետախուզական, շահագործման աշխատանքները և կասեցնել տվյալ ընկերություններին տրված արտոնագրերը:
Կից ներկայացնում ենք ստորագրահավաքի արդյունքները (100 թերթ):
Հարգանքով` Արմեն Փարսադանյան»
«Կայուն զարգացում» հ/կ նախագահ, 12.06.2013թ.»:

Տեսանյութեր

Լրահոս