Մարգարիտ Եսայանի հարցը՝ Արմեն Գեւորգյանին. Ռիսկայի՞ն են արդյոք ռիսկային ոլորտները

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ-ում ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ հարց ուղղեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ հիշեցնելով, որ ՎՊ 2012-ի հաշվետվության մեջ ՎՊ նախագահը շեշտել էր, որ ռիսկային համարվող գնումների և շինարարության ոլորտներում շուրջ 700 միլիարդ դրամի չարաշահում է կատարվել: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը տեղյա՞կ է այդ ռիսկերի մասին, կառավարությունն ինչպե՞ս է գնահատում այդ ոլորտները և ունի՞ մտադրություն՝ կանխելու այդ ռիսկերը:

Պատասխանելով պատգամավորի հարցերին, փոխվարչապետն ասաց, որ ռիսկեր, այո, գոյություն ունեն, բայց համամիտ չէ, որ գնումների և շինարարության ոլորտներն ամբողջովին ռիսկային են և որ գումարները ծախսվել են այդքան ոչ նպատակային: Նա ներկայացրեց նաև որոշակի թվեր՝ ապացուցելու համար իր ասածը:

Մարգարիտ Եսայանը հույս հայտնեց, որ կառավարությունը տեսանելի քայլեր կիրականացնի՝ բյուջեի միջոցներն առավել արդյունավետ ծախսելու համար. «Հակառակ դեպքում՝ Դուք հենց նոր հայտարարեցիք, որ կառավարությունը ևս վերահսկում է, մի քիչ անհասկանալի է, երբ ՎՊ-ն վերահսկում է, կառավարությունը վերահսկում է, բայց ունենք այս պատկերը, համաձայնեք, ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս