
Նախագահի պաշտոնը լքելուց հետո Ահմադինեժադը կանգնելու է Թեհրանի քրեական դատարանի առջև

BBC-ն, վկայակոչելով իրանական Ուսանողական լրատվական գործակալությանը (INSA), հայտնում է, որ օգոստոսին Իրանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Մահմուդ Ահմադինեժադը կանգնելու է Թեհրանի քրեական դատարանի առջև:
Դատարանի դահլիճում, ուր կանչել են Ահմադինեժադին, դիտարկվելու է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի կողմից նրա դեմ ներկայացված բողոքը: Նշվում է, որ Ահմադինեժադը դատարան է ներկայանալու նոյեմբերի 26-ին՝ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին իշխանությունը հանձնելուց չորս ամիս անց:
Իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը սուր քննադատության է ենթարկել Թեհրանի քրեական դատարանին՝ Ահմադինեժադին դատարան կանչելու համար, այդ գործողությունները որակելով որպես հակասահմանադրական:
Հիշեցնենք, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությունը, որը բաղկացած է երկու փուլից, անցկացվելու է օգոստոսի 3-ին և 5-ին: