Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ը թաքստոցում հայտնաբերել է Սաակաշվիլիի «սև ցուցակը» և մեծ քանակությամբ զենք

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում Արևմտյան Վրաստանում հայտնաբերվել են ստորգետնյա թաքստոցներ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Վերջինիս խոսքերով՝ Սամեգրելոյի շրջանում հայտնաբերվել են հատուկ քողարկված թաքստոցներ: Դրանցում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ վարելու համար, պայթուցիկ նյութեր ու սարքեր՝ նախատեսված դիվերսիոն գործունեություն ծավալելու համար, կապի միջոցներ, թմրանյութեր (հերոյին, կոկային և այլն) ու ուժեղ ներգործությամբ հոգեմետ դեղեր:

Խուզարկման ժամանակ առգրավվել է մի շարք անձանց լուսանկարներով ու անձնական տեղեկատավությամբ արխիվ: Խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց պլանավորված էր ձերբակալել 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո, եթե դրանցում հաղթեր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:

Բացի այդ, ՆԳՆ-ը հայտարարել է, որ հայտնաբերել է տեսանյութեր, որոնցում առկա են մարդկանց կոշտ կտտանքների ենթարկելու, նրանց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու, նրանց ծեծի ենթարկելու և նվաստացնելու մասին կադրեր: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս