
Թբիլիսիի ահաբեկչության փորձի կանխման գործով հարցաքննել են Սաակաշվիլիի անձնական օդաչուի՞ն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ը հայտնել է, որ ահաբեկչություն կատարելու փորձի գործով երեկ հարցաքննվել են «նախագահի անձնական օդաչու» Զաուր Կորտոշիձեն ու նրա որդի Թոռնիկեն: Վրաստանի նախագահի աշխատակազմը հերքել է ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ Կորտոշիձեն հանդիսանում է Սաակաշվիլիի անձնական օդաչուն:
Աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովի տվյալներով՝ Կորտոշիձեի ընկերությունը ներգրավված է Պետական պահպանման հատուկ ծառայությունում, որը ենթարկվում է վարչապետին: Նա ընդգծել է, որ սխալ է այն տեղեկատվությունը, թե Կորտոշիձեն «Սաակաշվիլիի անձնական օդաչուն» է:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ-ը Թբիլիսիում ահաբեկչության փորձի կանխման մասին հայտարարել էր երեկ: