ՆԱՏՕ-ն չի պատրաստվում որևէ բան ձեռնարկել՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ. Ռասմուսեն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն լրջորեն անհանգստացած է ԱՄՆ-ի արած հայտարարության կապակցությամբ, որ Սիրիայի կառավարական զորքերը կիրառել են քիմիական զենք:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ քիմիական զենքի կիրառումը կատարելապես անթույլատրելի է, սակայն ՆԱՏՕ-ն չի պլանավորում որևէ գործողության ձեռնարկում՝ կապված դրա հետ: Ռասմուսենը Բրյուսելում լրագրողներին հասկացնել է տվել, որ դաշինքը չի պատրաստում որևէ գործողություն տվյալ համատեքստում:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում տեղակայված Patriot զենիթա-հրթիային համալիրները Թուրքիային կապահովեն հուսալի պաշտպանություն քիմիական զենքի օգտագործմամբ կամ չօգտագործմամբ հրթիռային յուրաքանչյուր հարձակումից:
Ռասմուսենը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ թույլատրել ՄԱԿ-ի փորձագետների մուտք երկրի տարածք՝ հետաքննելու համար քիմիական զենքի կիրառման մասին ստացված բոլոր հաղորդագրությունները:
Ռասմուսենը նաև ողջունել է ռուս-ամերիկյան համատեղ նախաձեռնությունը՝ կապված Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանս գումարելուն և Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է արել մասնակցել դրան. «Ես համառորեն բոլոր կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը»: